Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԿԴ/0179/01/20

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԿԴ/0179/01/20
Դիմող / մեղադրյալ
Դավիթ Թեմուրյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.06.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԿԴ/0179/01/20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Գ.Շահբազյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան դատավորներ՝ Ա.Դանիելյան Հ.Պետրոսյան 12 հունիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Դավիթ Կորյունի Թեմուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ պաշտպաններ Կ.Տոնոյանի և Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ ******** քրեական գործը, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, Դավիթ Կորյունի Թեմուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Դավիթ Թեմուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 4-ին, Դավիթ Թեմուրյանի վերաբերյալ թիվ ******** քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024թ. նոյեմբերի 6-ի դատավճռով, Դավիթ Թեմուրյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատության սահմանափակում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Դավիթ Թեմուրյանին արգելվել է պատժի կրման ընթացքում առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի համաձայնության փոխել իր բնակության վայրը: 3. Մեղադրյալ Դ.Թեմուրյանի պաշտպաններ Կ.Տոնոյանի և Հ.Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ մեղադրյալ Դավիթ Թեմուրյանի պաշտպաններ Կ.Տոնոյանը և Հ.Գալստյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտում։ 5.1. Ըստ բողոքաբերների՝ Դավիթ Թեմուրյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը կատարվել է առանց դատարանի համապատասխան որոշման, որպիսի դեպքում, խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցները, դրանցից բխող դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունը, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումները պետք է ճանաչվեն անթույլատրելի, ինչպես նաև փաստել են, որ տվյալ սենյակի բանալին հասանելի է եղել բոլորին, և չկա որևէ հիմնավոր ապացույց, որ հայտնաբերված թմրամիջոցները պատկանում են մեղադրյալ Դ․Թեմուրյանին։ 5.2. Բողոքաբերները գտել են, որ նախաքննության ընթացքում խախտվել է Դ․Թեմուրյանի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ապահովվել պաշտպանով, այն դեպքում, երբ առկա է եղել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքը, որպիսի պայմաններում, Դ․Թեմուրյանի՝ նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքները չեն կարող հիմք ընդունվել նրան առաջադրված մեղադրանքը գնահատելու համար։ Բողոքաբերները գտել են նաև, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ արդեն իսկ լրացել է Դ․Թեմուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ 6․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, մեղադրյալ Դ․Թեմուրյանի նախաքննական ցուցմունքները, խուզարկություն կատարելու մասին որոշումը և արձանագրությունը, դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննության թիվ 836 Ք-20 եզրակացությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց և Դ․Թեմուրյանին արդարացնել՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով, կամ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրանալու հիմքով Դ․Թեմուրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Դավիթ Կորյունի Թեմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու գործունեություն իրականացնելու իրավունք, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, Չարենցավանի քաղաքային աղբանոցին հարակից տարածքից, առանց իրացնելու նպատակի, քաղելու միջոցով ձեռք է բերել վայրի աճած կանեփի բույսեր և իր անձնական օգտագործման համար նշված կանեփի բույսերից չորացնելու և մանրացնելու միջոցով ապօրինի պատրաստել և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ՓԲ ընկերությունում իրեն վստահված, որպես ներկերի պահեստ հանդիսացող սենյակում տարբեր դատարկ տարաների մեջ ապօրինի պահել է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» սահմանող թիվ 1-ին Հավելվածի 78-րդ կետի համաձայն՝ խոշոր չափ համարվող՝ 52,3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, իսկ նշված կանեփի բույսերի որոշ մասն ապօրինի պահել է նույն սենյակում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, որից էլ տրորելու և այն պնդացնելու միջոցով՝ ապօրինի պատրաստել է նույն հավելվածի 79-րդ կետի համաձայն՝ զգալի չափ համարվող՝ 4,1 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, որոնք ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 1-ին նշված սենյակի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են (...)»։ 8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն․ «(…) Անդրադառնալով ամբաստանյալ Դավիթ Թեմուրյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տված հակասական ցուցմունքների գնահատմանը, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների, այդ թվում՝ վկայի կարգավիճակում ***** *******-ի, ****** **********-ի, ****** ***********-ի տված ցուցմունքների, խուզարկություն կատարելու և դեպքի վայրի զննության մասին արձանագրությունների, դատատոքսիկոքիմիական փորձաքննության թիվ 0263 և դատաքիմիական, դատաբուսաբանական փորձաքննության թիվ 836 Ք-20 եզրակացությունների հետ, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության ընթացքում կասկածանքի վերաբերյալ Դավիթ Թեմուրյանի իրազեկված լինելու պայմաններում «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերության ներկերի համար նախատեսված սենյակից հայտնաբերված թմրամիջոցների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքը՝ Դատարանն արժանահավատ է համարում նրա կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, (...) ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները, Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարում այն, որ Դավիթ Թեմուրյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին 2002 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, գործով չպարզված օրը քաղել է կանեփի բույսեր, որոնք չորացնելով ապօրինի պատրաստել և ապօրինի պահել է խոշոր չափերով՝ ընդհանուր 52,3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և կանեփի բույսերից պոլիէթիլենային տոպրակում պահելու եղանակով տրորելու և պնդացնելու եղանակով ապօրինի պատրաստել է զգալի չափ համարվող 4,1 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 1-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են Դավիթ Թեմուրյանի աշխատանքի վայրի՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերության ներկերի համար նախատեսված սենյակի խուզարկությամբ՝ ներկերի համար նախատեսված տարաների վրայից, ինչպես նաև ներկերի դատարկ տարաների միջից: (...) Անդրադառնալով Դավիթ Թեմուրյանին մեղսագրված արարքի հանցավորությունը և պատժելիությունը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 5-ի քրեական օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ նոր քրեական օրենսգիրք) որոշելու հարցերին՝ Դատարանն արձանագրում է, որ նշված օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու․համար։ Տվյալ դեպքում Դատարանը դիտարկում է, որ Դավիթ Թեմուրյանը, առանց իրացնելու նպատակի, իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի՝ 52,3 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, այսինքն՝ առկա են ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության պայմանները: Հետևաբար, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքով չի վերացվել Դավիթ Թեմուրյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի հանցավորությունը, այդ արարքը համապատասխանում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքին: Քրեական օրենսգրքերով նախատեսված վերը նշված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածը համարվում է ինչպես պատիժը մեղմացնող, այնպես էլ այն խստացնող օրենք։ (...) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասը համարվում է նաև պատիժը մեղմացնող օրենք (պատժատեսակի մասով)՝ Դատարանը գտնում է, որ դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց նկատմամբ, ուստի Դավիթ Թեմուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով։ (...) »։ 9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Դավիթ Թեմուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ վերջինիս ցուցմունքում և պաշտպանների վերաքննիչ բողոքում առկա պատճառաբանությունները, գտնում է, որ դրանք հիմնավորված չեն, իսկ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հաստատված է քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե «(…) չնայած այն հանգամանքին, որ դատարանի կողմից մերժվել է խուզարկություն կատարելու մասին ներկայացված միջնորդությունը, այնուամենայնիվ խուզարկության ենթարկված տարածքը ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի համաձայն՝ հանդիսացել է Դավիթ Թեմուրյանի աշխատասենյակը և հետևաբար այն ամեն դեպքում ենթակա էր խուզարկման բացառապես դատարանի որոշման հիման վրա», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում, է որ այն չի համապատասխանում իրականությանն այնքանով որքանով, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 01․09․2020թ․ կայացված որոշմամբ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը մերժել է հենց այն հիմնավորմամբ, որ ներկայացված հասցեն (************ քաղաքի ******** փողոց * հասցեում գտնվող «Հաստոցաշինական» գործարանի՝ Դավիթ Թեմուրյանին վստահված և իր կողմից օգտագործվող ներկերի համար նախատեսված սենյակը) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով չի համարվում բնակարան, այլ նշված վայրը հանդիսանում է ներկերի համար նախատեսված սենյակ, այլ կերպ պահեստարան, որտեղ Դավիթ Թեմուրյանը մշտապես կամ ժամանակավորապես չի բնակվում, ավելին, նշված սենյակում առկա չէ բնակվելու հնարավորություն։ Հետևաբար, նշված վայրում խուզարկություն կատարելու համար դատարանի որոշում անհրաժեշտ չէ և կարող է իրականացվել վարույթն իրականացնողի որոշմամբ։ (...) Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարում վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե՝ «Չարենցավանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2020թ․ սեպտեմբերի 11-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչ ***********-ին ուղղվել է գրություն, ըստ որի Դավիթ Թեմուրյանը «Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ-ի նարկոլոգիական կաբինետում հաշվառված է 16․10․2015 թվականից «հոգեկան և վարքային խանգարումներ կանաբինոիդների օգտագործման հետևանքով» ախտորոշմամբ, որպիսի հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ պաշտպանի պարտադիր մասնակցության հիմք է, մինչդեռ, նախաքննական մարմինը, քրեական գործով ունենալով ապացույց այն մասին, որ առկա է պաշտպանի պարտադիր մասնակցության վերոգրյալ հիմքը, Դ․Թեմուրյանին չի ապահովել պաշտպանով և դրան ի հակառակ՝ սկսել է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են պաշտպան նշանակելու հանգամանքը հերքելուն»։Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործում առկա՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 30․10․2020թ․ ի լրումն նախաքննության մարմնի 08․09․2020թ․ հարցմանն ուղարկված պատասխանի՝ պարզաբանվել է նաև, որ Դավիթ Թեմուրյանը «Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ-ի նարկոլոգիական կաբինետում հաշվառված է 16․10․2015 թվականից «հոգեկան և վարքային խանգարումներ կանաբինոիդների օգտագործման հետևանքով» ախտորոշմամբ, վերջինս հոգեբուժական կաբինետում հաշվառված չէ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից բխում է, որ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է այն դեպքում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում։ (…)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք առաջադրված մեղադրանքում Դավիթ Թեմուրյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները Դ.Թեմուրյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Մասնավորապես, Դ.Թեմուրյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ Դավիթ Թեմուրյանի ցուցմունքներով, վկաներ ****** *********-ի, ****** ***********-ի և ******** ***********-ի ցուցմունքներով, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, դատատոքսիկոքիմիական փորձաքննության թիվ 0263 և դատաքիմիական ու դատաբուսաբանական փորձաքննության թիվ 836 Ք-20 եզրակացություններով, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցներով։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության են ենթարկել գործում առկա ապացույցները, և Դ.Թեմուրյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետևության՝ կայացնելով պատճառաբանված դատական ակտեր։ 12․ Անդրադառնալով բողոքաբերների՝ սույն որոշման 5․1-րդ կետում վկայակոչված փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերով հաստատվում է, որ «Չարենցավան հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերության այն սենյակը, որտեղ հայտնաբերվել են թմրամիջոցները, հանդիսացել է ներկերի պահեստարան։ Հետևաբար, այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ չհամաձայնելու հիմքեր առկա չեն, իսկ բողոքաբերների կողմից բերված փաստարկը հիմնավոր համարվել չի կարող։ 13․ Ինչ վերաբերում է բողոքաբերների՝ սույն որոշման 5․2-րդ կետում վկայակոչված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հիմնավորումները և գտնում, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ գործի նյութերում առկա չեն։ 14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում Դ.Թեմուրյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են: 15․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Դ.Թեմուրյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` « «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` (...) 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից (...)»: Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե` (...) 3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: (…)»: Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…) 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝ (…) 2) խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 16․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։ 17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքն ավարտվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Դ.Թեմուրյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2024 թվականի նոյեմբերի 6-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2025 թվականի փետրվարի 27-ին: Նշված որոշման դեմ Դ.Թեմուրյանի պաշտպաններ Կ․Տոնոյանի և Հ․Գալստյանի ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2026 թվականի հունվարի 16-ին: 18․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Դ.Թեմուրյանին մեղսագրվող՝ միջին ծանրության հանցանք հանդիսացող արարքի համար, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի Դ.Թեմուրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը պետք է բեկանել՝ Դ.Թեմուրյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: 19․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ 52․3 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, 4․1 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցը և կանեփի բույսի սերմերը պետք է ոչնչացնել: 20․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Դավիթ Թեմուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել։ 21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Դավիթ Կորյունի Թեմուրյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը բեկանել։ 2. Դավիթ Կորյունի Թեմուրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 3․ Որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ 52․3 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, 4․1 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցը և կանեփի բույսի սերմերը՝ ոչնչացնել: 4․ Դավիթ Կորյունի Թեմուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ․ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ