Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ/0638/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0638/01/23
Դիմող / մեղադրյալ
Վարդան Խաչատրյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.06.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
8 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0638/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Վ.Գրիգորյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Մաթևոսյան դատավորներ՝ Ա.Բեկթաշյան Վ.Մարգարյան 12 հունիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա․ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Սարգսի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի, 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 16121423 քրեական վարույթը: Նույն օրը Վարդան Սարգսի Խաչատրյանը ձերբակալվել է։ 2023 թվականի փետրվարի 7-ին Վ․Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ 2023 թվականի մարտի 30-ին թիվ 16121423 քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։ 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով՝ արագացված վարույթի կիրառմամբ, Վ․Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա Վ․Խաչատրյանի արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը հաշվակցվել է նշանակված պատժի ժամկետին և վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել՝ ազատազրկում 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ, Վ․Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ։ 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 84-րդ հոդվածների խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա: Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Վարդան Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը։ Մասնավորապես, մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, գործել է ուղղակի դիտավորությամբ՝ իր պայուսակում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող հրազեն, միաժամանակ նույն պայուսակում պահել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, այսինքն հնարավորություն է եղել ցանկացած պահի լիցքավորել հրազենը՝ այն բերելով մարտական վիճակի՝ ցանկացած պահի կրակոցներ արձակելու համար, որպիսի հանգամանքն էլ ավելի է բարձրացնում Վ.Խաչատրյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Բողոքաբերը նշել է նաև, որ Վ.Խաչատրյանի կողմից մեղքն ընդունելը կրել է պարտադրված բնույթ, քանի որ վերջինս քաջ գիտակցել է, որ հանցագործությունը բացահայտվել է, բոլոր ապացույցները վկայում են իր մեղավորության մասին, որպիսի պայմաններում առնվազն անտրամաբանական կլիներ այլ դիրքորոշում հայտնելը։ Բողոքաբերը հավելել է, որ մեղքն ընդունելու պարտադրված բնույթի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Վ․Խաչատրյանը չի հայտնել զենքի պատրաստման և ձեռքբերման իրական հանգամանքները։ Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարանները, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, հաշվի չեն առել հանցավորի կողմից հանցանքի կատարման հանգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետևանքները։ 6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Վ․Խաչատրյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Վարդան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «(…) նա, քննությամբ դեռևս չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող, արհեստագործական /ինքնաշեն/ եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված 5,6մմ /5,6X15,6/ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար և ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6մմ /5,6X15,6/ տրամաչափի հինգ հատ օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ գտնվող շագանակագույն կաշվենման պայուսակից»։ 8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Հաշվի առնելով մեղադրյալ Վարդան Սարգսի Խաչատրյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը` Դատարանը գտնում է, որ Վարդան Սարգսի Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է ազատազրկման ձևով նախատեսված պատժի։ (...) Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ Վարդան Սարգսի Խաչատրյանը քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքի վերաբերյալ տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ընդունել է իր մեղքը, զղջացել է կատարածի համար, աջակցել է քրեական հետապնդում իրականացնող մարմնի` արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցին, հաշվի առնելով նաև այն, որ Վ.Խաչատրյանը խնամքին ունի երկու անչափահաս երեխա, ինչպես նաև հիմնվելով քրեական գործի դատական քննության արդյունքում ձևավորված անձի վարքագծի վերաբերյալ ներքին համոզմունքի վրա, Դատարանը գտնում է, որ Վարդան Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան, քանի որ վերը նշված հանգամանքները Դատարանին թույլ են տալիս եզրակացնելու, որ մեղադրյալ Վարդան Սարգսի Խաչատրյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու` սահմանելով 1 /մեկ/ տարի ժամկետով փորձաշրջան» ։ 9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Վ․Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, իրավաչափ կերպով հաշվի է առել գործի փաստական և իրավական հանգամանքները, մեղադրյալի անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հետևյալ հանգամանքները՝ մեղադրյալ Վարդան Խաչատրյանը նախկինում դատապարտված չի եղել, իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի երկու անչափահաս երեխա։ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ համաձայնվելու հիմքում դրված է նրա սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները, մասնավորապես՝ նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները՝ 2007 թվականի մարտի 26-ին ծնված Սարգիս Վարդանի Խաչատրյանը և 2013 թվականի սեպտեմբերի 13-ին ծնված Անգելինա Վարդանի Խաչատրյանը, որոնց կյանքի պայմանների վրա մեղադրյալ Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ինչ վերաբերում է մեղադրյալ Վ.Խաչատրյանի կատարած հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի վերաբերյալ Բողոքաբերի պնդումներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածը, թեև որոշակի նշանակություն ունի մեղադրյալի նկատմամբ պատժի հարցը լուծելու համար, սակայն սույն գործի շրջանակներում ինքնին չի կարող մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ չհամաձայնելու հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով գործում առկա վերոգրյալ հանգամանքները (…)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Վարդան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։ 11․1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն: ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»: 12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Վարդան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա, քննությամբ չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար և ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6մմ (5,6X15,6) տրամաչափի հինգ հատ օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինիս անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ գտնվող շագանակագույն կաշվենման պայուսակից : - Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով այն, որ Վարդան Խաչատրյանը դեպքի վերաբերյալ տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ընդունել է մեղքն ու զղջացել է կատարածի համար, աջակցել է քրեական հետապնդում իրականացնող մարմնի` արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցին, ինչպես նաև վերջինիս խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը, գտել է, որ Վ․Խաչատրյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու։ - Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ և դատավճիռը թողել է անփոփոխ։ 13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Վարդան Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ մեղքն ընդունելն ու զղջալը, դեպքի վերաբերյալ ճշմարտացի ցուցմունքներ տալը, ինչպես նաև խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հիմք հանդիսացած հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։ 14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․ ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակական անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, բ) զենքի տեսակն ու ռազմամթերքի քանակը, ինչպես նաև հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից, անհայտ շարժառիթով և նպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող ատրճանակ՝ հարմարեցված օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար և ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6մմ (5,6X15,6) տրամաչափի հինգ հատ օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ստորադաս դատարանները չեն բացահայտել, թե ինչու՞մն է դրսևորվել մեղադրյալ Վարդան Խաչատրյանի կողմից արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում վարույթն իրականացնող մարմնին աջակցելն այն պայմաններում, երբ վերջինս չի հայտնել հրազենի պատրաստման և ձեռքբերման հանգամանքները։ 15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ 16․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն: 17. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Վ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը` վերոնշյալ դատավճիռը անփոփոխ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է Վ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված՝ 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վարդան Սարգսի Խաչատրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը փոփոխել։ 2․ Վարդան Սարգսի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով նշանակված` 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։ 3․ Պատժի կրման սկիզբը հաշվել Վարդան Սարգսի Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։ 4․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ