Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ՍԴ1/0082/01/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՍԴ1/0082/01/23
Դիմող / մեղադրյալ
Մերուժան Մելքումյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.06.2026
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
14 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՍԴ1/0082/01/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ռ․Առաքելյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան դատավորներ՝ Ա.Դանիելյան Ա․Նիկողոսյան 12 հունիսի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ․ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Մերուժան Սամվելի Մելքումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի ապրիլի 29-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով հարուցվել է թիվ 32153820 քրեական գործը և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ Մ․Մելքումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով։ 2020 թվականի օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 32103120 քրեական գործը։ Նույն օրը Մ․Մելքումյանը ձերբակալվել է։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումներով Վ․Վ-ն, Ս․Ս-ն, Է․Մ-ն, Մ․Մ-ն, Ա․Մ-ն և Գ․Ջ-ն ճանաչվել են տուժողներ։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Մ․Մելքումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Մ․Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թիվ 32103120 քրեական գործը միացվել է թիվ 32153820 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 32153820 համարի ներքո։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ Մ․Մելքումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 117-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մ․Մելքումյանն ազատ է արձակվել կալանքից։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Մ․Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գորիսի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ս․Խաչատրյանի՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ Մ․Մելքումյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 117-րդ հոդվածով քրեական հետապնդում չի հարուցվել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Մ․Մելքումյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 117-րդ հոդվածով և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ թիվ 32153820 քրեական վարույթից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով անջատվել է նոր քրեական վարույթ, որին շնորհվել է թիվ 91203223 համարը։ 2023 թվականի օգոստոսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Մ․Մելքումյանի պաշտպան Ս․Հարությունյանի միջնորդությունը բավարարվել է և Մ․Մելքումյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալ Մ․Մելքումյանի և տուժողների հաշտության պատճառաբանությամբ, իսկ մեկ այլ որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Մ․Մելքումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Մ․Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով Մերուժան Մելքումյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է Մ․Մելքումյանի փաստացի անազատության մեջ գտնվելու՝ 2 (երկու) ամիս ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Մ․Մելքումյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ։ Մ․Մելքումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը թողնելով անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, արդյունքում թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: 5․1․ Բողոք բերած անձի գնահատմամբ՝ ստորադաս դատարանների կողմից Մ․Մելքումյանի նկատմամբ նշանակված պատժի կրումից ազատելը թույլ չի տալիս հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձին ուղղելուն և հանցագործությունները կանխելուն, ինչի արդյունքում, ըստ բողոքաբերի, խախտվում են նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: 5․2․ Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից Մ․Մելքումյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները՝ տուժողի բողոք չունենալը, երիտասարդ լինելը, կատարված արարքի համար զղջալը կամ մեղքն ընդունելը, ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքների հանրային վտանգավորությունը։ 5․3․ Բողոքաբերն ընդգծել է, որ դատարանների կողմից վերլուծության չի ենթարկվել այն կարևոր հանգամանքը, որ զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդն իր մոտ պահել է գործարանային արտադրության դանակ, դրանով անկանոն հարվածներ է հասցրել տուժողի կենսական օրգաններին, ինչն օբյեկտիվորեն վկայում է այն մասին, որ վերը նշված հանգամանքները որևէ կերպ չեն ազդել հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի վտանգավորության աստիճանի նվազեցման վրա: 6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը, մեղադրյալ Մ․Մելքումյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ու թողնել կրելու նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 7. Մ․Մելքումյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա 2020թ․ օգոստոսի 31-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Է․Մ-ի` Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 2-րդ փողոցի 11-րդ տանից, վերջինիս ծննդյան տարեդարձի առթիվ բարձր լսվող երաժշտությունն անջատելու հարցի պարզաբանման կապակցությամբ մի կողմից Մերուժան Մելքումյանի, Է․Մ-ի, Է․Մ-ի, Գ․Մ-ի, ինչպես նաև` նույն հասցեում հյուրընկալված, դեռևս ինքնությունները չպարզված երկու անձանց, իսկ մյուս կողմից նույն բնակավայրի բնակիչներ Հ․Վ-ի, Վ․Վ-ի, Ս․Ս-ի միջև, վերջիններիս տան բակում սկիզբ առած, ապա ժամը 01:00-ից 02:00-ի սահմաններում նույն բնակավայրի «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ` սպանդանոց տանող ավտոճանապարհին շարունակված վիճաբանության, քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած սուր ծակող-կտրող գործիքով` դանակով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ բազմաթիվ անգամ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով Մ․Մ-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ձախ քունքային շրջանի, գլխի գագաթային շրջանի, էպիգաստրալ շրջանի, կտրած-ծակած կույր վերքերի, ձախ բազկային շրջանի կտրած-ծակած վերքի (իր ընթացքով վնասելով բազկային զարկերակը) ձևով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկի ձևով կյանքի համար վտանգավոր առողջության ծանր մարմնական վնաս»։ 8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(...) [Դ]ատարանը մեղադրյալ Մերուժան Մելքումյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում մեղսագրված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում՝ հանցանքի կատարման հանգամանքները և եղանակը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Դատարանը մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Մասնավորապես, Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես Մերուժան Մելքումյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, տուժող Մ․Մ-ը դիմումով հայտնել է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանից բողոք չունի, այդ թվում՝ ֆինանսական: Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացող հանգամանքներ առկա չեն։ (...) Դատարանը, համադրելով վերոգրյալ իրավական նորմերը սույն գործի հանգամանքների հետ, ինչպես նաև հաշվի առնելով վերը թվարկված՝ մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ և 69-րդ հոդվածներով, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Մերուժան Մելքումյանի նկատմամբ պետք է որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, ինչը, Դատարանի գնահատմամբ, բավարար է պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ Մերուժան Մելքումյանի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել նրա փաստացի անազատության մեջ գտնվելու՝ 2 (երկու) ամիս (2020 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը ժամկետը) ժամկետը և վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով։ (...) [Դ]ատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքները բավարար չափով նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և հիմք են տալիս եզրահանգելու, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված՝ պատժի նպատակներին։ Ամփոփելով ասվածը՝ Դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով (...)»: 9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Գ]նահատելով մեղադրյալ Մերուժան Սամվելի Մելքումյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա կատարած արարքը, դրա արդյունքում քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին պատճառված վնասը, հանցագործության կատարման եղանակը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, հանցանքը կատարելուց հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրելով նրա անձի բնութագրի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքների առկայության, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության հետ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Մերուժան Սամվելի Մելքումյանի նկատմամբ նշանակված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ կրելու և այդ պարագայում հնարավոր է ապահովել պատժի նպատակների լիարժեք իրացումը: Հետևաբար, անհիմն են դատախազի վերաքննիչ բողոքում առկա ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը (արարքի կատարման պահին գործող և սույն վարույթով կիրառելի՝ ՀՀ քրեական օրենագրքի 70-րդ հոդվածը) չկիրառելու և մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կիրառելու վերաբերյալ ներկայացված փաստարկները: Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքներով, որ մեղադրյալ Մերուժան Սամվելի Մելքումյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, ինչպես նաև այն, որ՝ տուժող Մ․Մ-ն դիմումով հայտնել է, որ մեղադրյալ Մերուժան Մելքումյանից բողոք չունի, այդ թվում՝ ֆինանսական։ Վերջինիս պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են։ (...) Բացի այդ, ինչպես Առաջին ատյանի դատարանի կողմից, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից ի թիվս այլնի համապատասխան հետևության հանգելիս հաշվի է առնում նաև մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, նրա կողմից կատարված արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը։ (...) Տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցը լուծելիս հիմք է ընդունել ինչպես կատարած արարքի բնույթը, վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող հանգամանքի առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և պատժի կրման մասով կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ (...)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Մերուժան Մելքումյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը` 1) վտանգավոր է կյանքի համար, (...) պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: 11. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում: 12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն: 13. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: 14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Մ․Մելքումյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա, 2020 թվականի օգոստոսի 31-ին «Սովխոզ» կոչվող տարածքի հարևանությամբ` սպանդանոց տանող ավտոճանապարհին շարունակված վիճաբանության, քաշքշուկի և փոխադարձ կռվի ընթացքում, իր մոտ պահած սուր ծակող-կտրող գործիքով` դանակով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բազմաթիվ անգամ անկանոն հարվածներ հասցնելու եղանակով Մ․Մ-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս։ - Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, Մ․Մելքումյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելով, գտել է, որ Մ․Մելքումյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել տվյալ արարքի համար նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով Մ.Մելքումյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ երիտասարդ լինելը, մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, տուժողի՝ Մ․Մելքումյանից որևէ բողոք, այդ թվում՝ ֆինանսական պահանջ չունենալը, Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, Մ.Մելքումյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել,  - Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու և Մ․Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան։ 15․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ․Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես․ ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Մ.Մելքումյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը, գ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը, դ) հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ Մ․Մելքումյանը բազմաթիվ անգամ անկանոն հարվածներ է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում` ձախ քունքային շրջանի, գլխի գագաթային շրջանի, էպիգաստրալ շրջանի, կտրած-ծակած կույր վերքերի, ձախ բազկային շրջանի կտրած-ծակած վերքի (իր ընթացքով վնասելով բազկային զարկերակը) ձևով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկի ձևով կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս: 16․ Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Մ․Մելքումյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ 17․ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ Մ․Մելքումյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքների հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Մ․Մելքումյանի կատարած արարքների և նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան: 18․ Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ․Մելքումյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։ 19․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Մ․Մելքումյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար անհրաժեշտ է Մ․Մելքումյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Մերուժան Սամվելի Մելքումյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը փոփոխել։ 2․ Մերուժան Սամվելի Մելքումյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը հաշվել Մերուժան Սամվելի Մելքումյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից: 3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ․ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ