Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0331/06/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0331/06/25
- Դիմող / մեղադրյալ
- Սառա Ռուշանյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 23.06.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
15 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
- Հոդված 46. Հանցակիցների տեսակները
- Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները
- Հոդված 436. Կաշառք տալը
- Հոդված 527. Առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Հոդված 18. Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը
- Հոդված 96. Արտավարութային փաստաթղթերը
- Հոդված 97. Ապացույցների թույլատրելիությունը և դրանց օգտագործման սահմանափակումները
- Հոդված 115. Խափանման միջոցների տեսակները
- Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը
- Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները
- Հոդված 122. Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները
- Հոդված 288. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը
- Հոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0331/06/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Վ․Ստեփանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ս․Խաչատրյան
2026 թվականի հունիսի 23-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0331/06/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2026 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մ․Սիմոնյանի միջնորդությունը՝ թիվ 62223525 քրեական վարույթով մեղադրյալ Սառա Մելիքի Ռուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվել է մասնակի, և մեղադրյալի նկատմամբ համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, գրավը՝ 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը։
2․ Մեղադրյալ Ս․Ռուշանյանի պաշտպան Գ․Գևորգյանի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Կոստանյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանվել է, և բեկանված մասով կայացվել է փոխարինող դատական ակտ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մ․Սիմոնյանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է։
3․ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը, որը Վճռաբեկ դատարանի 2026 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և բողոքարկվող դատական ակտը բեկանելու հիմք են։ Մասնավորապես՝ բողոքաբերը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ, 97-րդ հոդվածները և 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը։ Բողոքաբերի պնդմամբ՝ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ կալանքի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից։
4․1․ Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով դատական վերանայման սահմաններից, հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս ամբողջապես կամ առավելապես քննարկման առարկա է դարձրել քրեադատավարական տվյալ փուլի համար քննարկման և լուծման ոչ ենթակա հարցեր։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, յուրովի մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ և 97-րդ հոդվածները, սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ «Թվային, այդ թվում՝ հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում», «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական հեռախոսային միջոցառման արդյունքների մասին արձանագրությունները չեն կարող օգտագործվել մեղադրյալ Ս․Ռուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրվող՝ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար, ինչը ենթակա էր գնահատման միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից փաստացի իրականացվել է արդարադատություն, քանի որ գործի քննության սույն փուլում Վերաքննիչ դատարանի առջև դրված է եղել ոչ թե մեղադրյալ Ս․Ռուշանյանին ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը, այլ նրա կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելու խնդիր, ինչի համար բավարար է ցանկացած ստուգելի փաստական տվյալի առկայությունը, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված են եղել միջնորդությանը կից նյութերում։
Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ սույն պարագայում առկա չեն այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին, իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին, որպիսի պայմաններում, հարկ է արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սույն գործով ներկայացվել են համապատասխան փաստեր և տեղեկություններ պարունակող փաստական տվյալներ, որոնք դատավարության տվյալ փուլում բավարար հիմք են տալիս ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի կատարման մեջ մեղադրվում է Ս․Ռուշանյանը, իրական է և համընկնում է նրան ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2–րդ մասի 3-րդ կետով վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին։
Այս առումով, բողոքաբերը նշել է նաև, որ վերոգրյալ փաստերն ու տեղեկությունները հիմք են տալիս ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ Ս․Ռուշանյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործության դեպքի հետ, այլ կերպ՝ սույն գործով առկա են բավարար հիմքեր եզրահանգելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն հանցանքներին, որի առերևույթ կատարման մեջ Ս․Ռուշանյանը մեղադրվում է։
4.2. Բողոքաբերի պնդմամբ՝ բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի վերաբերյալ գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16, Վահրամ Գևորգյանի վերաբերյալ գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 և Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումներում արձանագրված հիմնավորումներին:
5․ Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2026 թվականի հունվարի 8-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ հաստատված համարել մեղադրյալ Ս․Ռուշանյանի կողմից իրեն մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը և բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Սառա Ռուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-527-րդ հոդվածի 2-րդ մասով։
7. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է․ «(...) [Դ]ատարանը գտնում է, որ առկա են վարույթի տվյալ փուլին բնորոշ բավարար տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք վկայում են, որ Սառա Ռուշանյանը, հնարավոր է, առնչություն ունի իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարմանը։
Վերոնշվածը, ի թիվ այլնի, հիմնավորվում է Դատարան ներկայացված հետևյալ փաստական տվյալներով՝
- «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին» 2025 թվականի մարտի 13-ի արձանագրություններով,
- «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին» 2025 թվականի մարտի 13-ի արձանագրությամբ,
- «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 22-ի արձանագրությամբ,
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության չորրորդ բաժնի ավագ օպերլիազոր Ա.Աբաջյանի՝ 2025թ. մարտի 13-ին կազմված «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ՕՀՄ-ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13-ին կազմված քաղվածքով,
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ Հ.Գրիգորյանի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ Ա.Մինասյանին հասցեագրված՝ միջնորդությանը կից ներկայացված գրությամբ (կազմված Ա.Աբաջյանի կողմից),
- «Զննում կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրությամբ,
- «Զննում կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 12-ի արձանագրությամբ,
- «Փաստաթղթի բովանդակության լրացուցիչ զննություն կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 03-ի արձանագրությամբ,
- «Օպտիկական կրիչի (փաստաթուղթ) բովանդակության զննություն կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 06-ի արձանագրությամբ,
- Սառա Ռուշանյանի՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակով հարցաքննության 2025 թվականի դեկտեմբերի 02-ի արձանագրությամբ:
Դատարանի գնահատմամբ, վերոհիշյալ նյութերը միջնորդությամբ վկայակոչված մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ պարունակում են փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ Սառա Ռուշանյանը, հնարավոր է, կատարած լինի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ենթադրյալ հանցանքը, և որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է։ Այս կապակցությամբ Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ և կից նյութերով պետք է հաստատվի ոչ թե անձի մեղավորությունը, այլ պետք է հաստատվի հիմնավոր կասկածը, այլ կերպ` մեղադրյալի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքին:
Անդրադառնալով մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը վիճարկելու հիմքում պաշտպանի կողմից դրվող հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունը չպետք է լինի ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք: Դրա հետ մեկտեղ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում ենթադրյալ հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Այլ կերպ՝ մեղադրյալի պաշտպանը, ի թիվ այլնի, վիճարկում է Դատարան ներկայացված ապացույցների բավարարությունը, արժանահավատությունը և վերաբերելիությունը, ինչը դուրս է խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի առարկայի շրջանակներից։ Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրյալ Սառա Ռուշանյանի կամ վերջինիս պաշտպանի կողմից դատական նիստի ժամանակ չի ներկայացվել և միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա չեն մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հերքող՝ քննության սույն փուլում քննարկման ենթակա հանգամանքներ:
Ինչ վերաբերում է պաշտպան Գ.Գևորգյանի հայտարարությանն առ այն, որ միջնորդությանը կից ներկայացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի համատեքստում չեն կարող օգտագործվել մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, Դատարանն արձանագրում է, որ խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի առարկան չի ենթադրում անձին վերագրվող ենթադրյալ հանցանքում մեղադրանքը հիմնավորելու նպատակ, ինչը մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական գործի ըստ էության քննության փուլի խնդիր է: Հետևաբար՝ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայության հարցի քննարկման համատեքստում միջնորդությանը կից ներկայացված՝ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը ենթակա չեն գնահատման ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումների համատեքստում նույն կերպ, ինչպես նույն հոդվածով կարգավորվող՝ ապացույցների թույլատրելիության հարցի համատեքստում, ինչը դատավարության հետագա փուլերի խնդիր է: Այս առումով Դատարանը նաև հարկ է համարում փաստել, որ նախաքննությունը կրում է դինամիկ բնույթ, և անձին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումների համատեքստում գնահատելու, հետևաբար՝ նաև անձի նկատմամբ հարային քրեական հետապնդում հարուցելու իրավաչափությունը լուծելու պարագայում Դատարանն անհարկի և ոչ համարժեք միջամտություն կկատարի նախաքննության ընթացքին:
Դատարանի համար ընդունելի չէ նաև պաշտպան Գ.Գևորգյանի կողմից ի հիմնավորումն մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի բացակայության բերվող փաստարկն առ այն, որ խափանման միջոցի հարցի քննության պահի դրությամբ հայտնի չէ ենթադրյալ կաշառքն ստացած պաշտոնատար անձի ինքնությունը: Դատարանն արձանագրում է, որ նշված անձի ինքնությունը, լիազորությունների շրջանակը և փաստացի կատարված գործողությունները (անգործությունը) պարզումը նախաքննության խնդիրներից մեկն է, և պաշտոնատար անձի առերևույթ առկայության մասին վկայող այլ գնահատելի փաստական տվյալների առկայության պարագայում վերջինիս անձի քննության սույն փուլում նույնականացված չլինելը ողջամտորեն չի կարող վկայել մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի բացակայության մասին:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով մեղադրյալ Սառա Ռուշանյանի խափանման միջոցի իրավաչափության մյուս պայմանների հարցին` Դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի նյութերում ամրագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները նաև հիմք են տալիս փաստելու, որ տվյալ դեպքում առկա է համապատասխան քրեաիրավական որակմամբ նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթ, Սառա Ռուշանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրա նկատմամբ հարուցված է և իրականացվում է քրեական հետապնդում, մեղադրյալը ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով սահմանված քրեական պատասխանատվության ենթակա տարիքի է, առերևույթ բացակայում են նաև քրեական հետապնդումը բացառող, ինչպես նաև մեղադրյալի կարգավիճակից բխող՝ պարտադիր հաղթահարման ենթակա չհաղթահարված հանգամանքներ:
(…)
Դատարանը, ելնելով հանրային և մասնավոր շահերի արդարացի հավասարակշռման անհրաժեշտությունից, գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի, գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ քննության սույն փուլում հնարավոր է ապահովել նրա պատշաճ վարքագիծը (...)»։
8․ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը, արձանագրել է․ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով իր առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է․ հիմնավոր է արդյոք Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ ներկայացված նյութերը բավարար են մեղադրյալ Սառա Ռուշանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
(…)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է․
Վարույթն իրականացնող քննիչը մեղադրյալ Սառա Ռուշանյանի արարքում հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը հիմնավորելու համար ներկայացրել են հետևյալ նյութերը․
1․ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը,
2․ «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը,
3․ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» ՕՀՄ–ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13–ի քաղվածքը,
4․ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 22-ին կազմված արձանագրությունը
5․ Արկադի Սարգսի Կարապետյանի անվամբ լրացված թիվ 790/211 հիվանդության պատմության զննում կատարելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 11–ի արձանագրությունը,
6․ Արկադի Սարգսի Կարապետյանի անվամբ լրացված թիվ 18 անձնական գործի զննում կատարելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 12–ի արձանագրությունը և նույն անձնական գործի լրացուցիչ զննություն կատարելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 3–ի արձանագրությունը,
7․ Օպտիկական կրիչի (փաստաթուղթ) բովանդակության զննություն կատարելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 6–ի արձանագրությունը։
8․ Մեղադրյալ Սառա Ռուշանյանի հարցաքննության 2025 թվականի դեկտեմբերի 2–ի արձանագրությունը։
Վերը նշվածի համատեքստում, Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ հիմնավոր է պաշտպան Գևորգյանի կողմից որպես իրավական փաստարկ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի մատնանշմամբ թիվ ՀԿԴ/0184/06/25 գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 28–ի որոշման վկայակոչումը, քանի որ տվյալ գործի փաստական հանգամանքները նույնական են սույն գործի փաստական հանգամանքներին։
Վերոգրյալի շրջանակներում անդրադառնալով հիմնավոր կասկածի հիմքում նախաքննական մարմնի կողմից դրված փաստական տվյալներին՝ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմից, քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով: Իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումներից անմիջականորեն հետևում է, որ այդ փաստաթղթերը թեև համարվում են թույլատրելի ապացույցներ, սակայն չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար:
Ինչպես հետևում է սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից, մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվող հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող փաստական տվյալների շարքում դրվել են նաև «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» ՕՀՄ–ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13–ի քաղվածքը, որոնք կազմվել են քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ձայնագրությունների վերծանման, ինչպես նաև՝ լազերային սկավառակների զննության արդյունքում։ Դրան զուգահեռ՝ հարկ է փաստել, որ սույն վարույթով մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվում է միջին ծանրության հանցանք։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված իրավանորմն այն մասին, որ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար, փաստում է, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» ՕՀՄ–ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13–ի քաղվածքը, տվյալ դեպքում չեն կարող օգտագործվել մեղադրյալ Սառա Ռուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 46–436-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ կետով վերագրվող՝ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Այլ կերպ՝ մատնանշված օրենսդրական կարգավորումների պայմաններում ակնհայտ է և որևէ խորքային վերլուծություն չի պահանջում արձանագրելու համար այն, որ մատնանշված փաստական տվյալները ակնհայտորեն չեն կարող դրվել մեղադրյալին մեղսագրված հիշյալ արարքի՝ առերևույթ կատարման հիմնավոր կասկածը հիմնավորելու հիմքում։
Ինչ վերաբերում է մեղադրյալ Սառա Ռուշանյանին վերագրվող հանցանքին վերջինի առնչությունը հիմնավորող՝ Առաջին ատյանի դատարան ներկայացված և վերը մատնանշված մյուս նյութերին, ապա առանց կանխորոշելու Սառա Ռուշանյանի մեղքի հարցը, առանց իրավական գնահատական տալու վերջինի մեղավորությանը կամ անմեղությանը և առանց անմիջականորեն փաստելու նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը՝ Վերաքննիչ դատարանը, ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծություն չկատարելով, փաստում է, որ վարույթի նյութերի, մասնավորապես՝ հիմնավոր կասկածի առկայության հիմնավորման հիմքում նախաքննական մարմնի կողմից դրված փաստական տվյալների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդությամբ մատնանշված և դրան կից ներկայացված նյութերը ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղսագրված արարքը Սառա Ռուշանյանի կողմից կատարելու կասկածը հիմնավորող որոշակի որևէ փաստական տվյալ չեն պարունակում։ Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մեղադրյալին մեղսագրված համապատասխան հանցանքի առնվազն օբյեկտիվ կողմի հիմնավոր կասկածի մակարդակում առկայությունը ակնհայտորեն հնարավոր չէ հաստատված համարել նախաքննական մարմնի կողմից միջնորդությամբ մատնանշված նյութերով: Վերաքննիչ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է առնվազն նրանով, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդությամբ մատնանշված և դրան կից ներկայացված ու վերը շարադրված նյութերից բխող փաստերի համադրումից ակնհայտ է, որ դրանցում անգամ նվազագույն տեղեկություններ չկան այն մասին, որ Սառա Մելիքի Ռուշանյանն օժանդակել է Սարգիս Կարապետյանին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական հանձնաժողովի ինքնությունը դեռևս չպարզված անդամներին տալ խոշոր չափերի կաշառք՝ վերջինի որդու՝ Արկադի Կարապետյանի օգտին ապօրինի գործողության, այն է՝ վերջինիս ապօրինաբար զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու համար։
Այսինքն՝ մեղադրանքի օբյեկտիվ կողմը կազմող փաստական հանգամանքները՝ միջնորդությամբ մատնանշված և դրան կից ներկայացված նյութերից բխող փաստերով ակնհայտորեն չեն կարող վկայել տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցանքի օբյեկտիվ կողմի՝ հիմնավոր կասկածի մակարդակում առկայության մասին։
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սառա Ռուշանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը փաստելիս Հակակոռուպցիոն դատարանը թույլ է տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ առարկայազուրկ է համարում պաշտպանի մյուս փաստարկները քննարկման առարկա դարձնելը և դրանք գնահատման ենթարկելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Սառա Ռուշանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ բողոքարկված դատական ակտն ամբողջությամբ բեկանելու հիմք է: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Գևորգ Գևորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, իսկ ստորադաս դատարանի վիճարկվող դատական ակտը՝ ամբողջությամբ բեկանել և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ամբողջությամբ մերժել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալին պետք է անհապաղ ազատ արձակել տնային կալանքից։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ տնային կալանքի հետ միաժամանակ կիրառվել է նաև գրավը՝ գրավը կիրառված լինելու դեպքում անհրաժեշտ է գրավի գումարը վերադարձնել գրավատուին (...)»։
9. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Գ․Հայրապետյանի 2026 թվականի մայիսի 22-ի թիվ 18-591կգ-26 գրության համաձայն՝ « (․ ․ ․) [Հ]այտնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում իրականացված թիվ 62223525 քրեական վարույթը 2026 թվականի մարտի 16-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Միաժամանակ հայտնում եմ, որ սույն քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցած Սառա Մելիքի Ռուշանյանը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2026 թվականի հունվարի 8-ի թիվ ՀԿԴ/0331/06/25 որոշմամբ ազատ է արձակվել տնային կալանքից, իսկ հսկող դատախազի` 2026 թվականի մարտի 10-ի որոշմամբ Սառա Մելիքի Ռուշանյանի նկատմամբ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ս․Ռուշանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (…)»:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի։ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…) Քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով։ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար։ Այդ արտավարութային փաստաթղթերը կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ դրանք ստացվել են քրեական վարույթ նախաձեռնելուց առավելագույնը չորս ամիս առաջ` ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար, կամ ութ ամիս առաջ` առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։
2. Այլընտրանքային խափանման միջոցներն են`
1) տնային կալանքը.
(…)
3) գրավը.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:
2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
(...)
4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը:
2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:
3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել`
1) քննիչը` մինչև մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատախազին հանձնելը.
2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչից ստանալու պահից մինչև դրանք դատարան հանձնելը.
3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս։ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու մասին.
2) միջնորդությունը մասնակի բավարարելու մասին.
3) միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։
2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝
1) հայտնաբերում է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված որևէ հանգամանք.
2) չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը.
3) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից` իրենց իրավասության սահմաններում.
4) առկա է մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ, և չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը.
5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։
3. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, եթե՝
1) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ.
2) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդված խափանման միջոցի առավել մեղմ պայմաններով կիրառմամբ (առավել կարճ ժամկետով կամ մեղադրյալի համար առավել բարենպաստ պայմաններով):
4. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված որոշումը, եթե գալիս է հետևության, որ մեղադրանքի կողմը սույն օրենսգրքով սահմանված կարգով պատշաճորեն հիմնավորել է միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը միջնորդված պայմաններով։ (...)»:
12․ Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հիմնավոր կասկածը պետք է ապահովի անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի հիմնավորված և օրինաչափ սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար։ Այսինքն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։
Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին:
12․1․ Զարգացնելով Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը Էդգար Եղիազարյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է, որ մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն ունի հիմնարար նշանակություն, քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում /մեղադրվում/ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ: Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ․
- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
(…)
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից , ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործը ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (…),
- հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին) (…) ։
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով մեղադրյալ Ս.Ռուշանյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայությունը, գտել է, որ մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովումը հնարավոր է 2 (երկու) ամիս ժամկետով տնային կալանք, 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցված կիրառմամբ,
- Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասը, արձանագրել է, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13–ի քաղվածքը չեն կարող օգտագործվել մեղադրյալ Ս․Ռուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 46–436-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ կետով վերագրվող՝ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար։
Անդրադառնալով մեղադրյալ Ս.Ռուշանյանին մեղսագրվող հանցանքին վերջինիս առնչությունը հիմնավորող Առաջին ատյանի դատարան ներկայացված մյուս նյութերին, Վերաքննիչ դատարանը նշել է, որ դրանք Ս.Ռուշանյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն պարունակում։ Այս առումով, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերոնշյալ նյութերում անգամ նվազագույն տեղեկություններ չկան այն մասին, որ Ս․Ռուշանյանն օժանդակել է Ս․Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական հանձնաժողովի ինքնությունը դեռևս չպարզված անդամներին տալ խոշոր չափերի կաշառք՝ վերջինի որդու՝ Ա.Կարապետյանի օգտին ապօրինի գործողության, այն է՝ վերջինիս ապօրինաբար զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու համար։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և քննիչի միջնորդությունն ամբողջությամբ մերժել։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12․1․-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբողջությամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և արձանագրելով Ս․Ռուշանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայությունը, դուրս է եկել մինչդատական վարույթում դատական երաշխիքների վարույթի լուծման ենթակա խնդիրների շրջանակից։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասը, փաստել է, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված երեք արձանագրությունները, «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքների մասին 2025 թվականի մարտի 13-ին կազմված արձանագրությունը, «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություններ ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13–ի քաղվածքը, տվյալ դեպքում չեն կարող օգտագործվել մեղադրյալ Սառա Ռուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 46–436-րդ հոդվածի 2-րդ մասի 3–րդ կետով վերագրվող՝ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար, մինչդեռ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավուսու չէ անդրադառնալ մեղադրանքի էությանը և հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ մեղադրանքի հիմնավորման համար, հանցանքի տեսակով պայմանավորված՝ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և վարույթին կցված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունների, տեսաձայնագրությունների, ձայնագրությունների և այլ օբյեկտիվ փաստաթղթերի օգտագործման սահմանափակման վերաբերյալ քրեադատավարական կարգավորումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես դրանց օգտագործման բացարձակ արգելք՝ խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի շրջանակներում հիմնավոր կասկածի՝ մեղսագրվող հանցանքին մեղադրյալի հնարավոր առնչության գնահատման մակարդակում։
Այս առումով, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգավորման կիրառելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայության հարցի քննարկման համատեքստում միջնորդությանը կից ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերը ենթակա չեն գնահատման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումների համատեքստում նույն կերպ, ինչպես նույն հոդվածով կարգավորվող ապացույցների թույլատրելիության հարցի համատեքստում, ինչը դատավարության հետագա փուլերի խնդիր է։
14․1․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունից 2025 թվականի մարտի 13–ի քաղվածքը, ի թիվս մյուս օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների, չի կարող օգտագործվել մեղադրյալին վերագրվող միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումները կիրառելի են քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունների, տեսաձայնագրությունների, ձայնագրությունների և այլ օբյեկտիվ փաստաթղթերին, իսկ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ հետախուզական միջոցառումները նախատեսված չեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես դատարանի սանկցիավորմամբ իրականացվող միջոցառումներ, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ արտավարութային փաստաթղթերի օգտագործման սահմանափակման դրույթները կիրառելի չեն «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների նկատմամբ։
15․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Ռուշանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 46–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար Մ․Սիմոնյանի միջնորդության քննության արդյունքում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելով և փոխարինող դատական ակտ կայացնելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
17. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ թիվ 62223525 քրեական վարույթով հսկող դատախազի 2026 թվականի մարտի 10-ի որոշմամբ Ս․Ռուշանյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, Վերաքննիչ դատարանի որոշման բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավական նշանակությունը), ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0331/06/25 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 8–ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
