Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ՇԴ/0008/11/10

Գործի համարը
ՇԴ/0008/11/10
Դիմող / մեղադրյալ
Էրիկ Եղինյան Իգորի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
11.05.2011

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՇԴ/0008/11/10 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ՇԴ/0008/11/10 Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻՀ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2011 թվականի մայիսի 11-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2010 թվականի հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Է.Եղինյանը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2010 թվականի ապրիլի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես խցում, այնպես էլ զբոսանքի ժամանակ դաժան ծեծի, բռնությունների է ենթարկվել դատապարտյալներ Հ.Հակոբյանի, Ս.Գասպարյանի և Ա.Մելքոնյանի կողմից, որոնք, իր կարծիքով, թմրամիջոց օգտագործած վիճակում են եղել: Շիրակի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բ.Պողոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Է.Եղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Վերոգրյալ որոշման դեմ Է.Եղինյանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ին բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, որը Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է: 2. 2010 թվականի նոյեմբերի 25-ին Է.Եղինյանը Շիրակի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բ.Պողոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի և Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշումների դեմ բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Է.Եղինյանի բողոքը մերժվել է: 3. Է.Եղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: 4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Է.Եղինյանը: 2011 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը Է.Եղինյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Դիմող Է.Եղինյանը պատիժ է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (տե՛ս Նյութեր, էջ 1): 6. Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքով որոշում է կայացրել 2011 թվականի հունվարի 26-ին (տե՛ս Նյութեր, էջ 57): 7. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը, որը թվագրված է 2011 թվականի հունվարի 31-ով, Վերաքննիչ դատարանում մուտք է եղել 2011 թվականի փետրվարի 11-ին (տե՛ս Նյութեր, էջ 71-80): 8. Վերաքննիչ դատարանը Է.Եղինյանի բողոքը թողել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2011թ. որոշման դեմ դատապարտյալ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել 2011թ. փետրվարի 11-ին` ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակման պահից հետո` տասնվեցերորդ օրը, հետևաբար այն ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննության» (տե՛ս Նյութեր, էջ 82): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ իր բողոքը Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով` ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 2011 թվականի փետրվարի 24-ի տեղեկանքը, որի համաձայն. «ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էրիկ Իգորի Եղինյանը 31.01.2011թ. օրվա պատասխանատու հերթապահին է հանձնել երկու փակ ծրար, որոնք նույն օրը գրանցվել են համապատասխան մատյանում: Ծրարներից մեկը հասցեագրված էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին, մյուսը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Ծրարները առաքվել են հասցեատերերին»: Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, դրա արդյունքում ոտնահարվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ արդար դատական քննության իրավունքները: Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, մանրակրկիտ չքննելով գործի հանգամանքները և չառաջնորդվելով արդարադատության մատչելիության սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որն էականորեն ազդել է գործի ելքի վրա: 10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի բողոքի քրեադատավարական ժամկետների հաշվարկման վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողի բողոքը ժամկետանց է: 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով: 2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը: 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…): 4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով: (…)»: 13. Նախորդ կետում մեջբերված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարևոր նախադրյալներից են: Դրանք իրենցից ներկայացնում են օրենքով սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարությանը ներգրավված անձինք իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի քրեադատավարական գործողություն: Հաշվի առնելով բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու առանձնահատկությունները` օրենսդիրը սահմանել է, որ ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին են հանձնված մինչև ժամկետը լրանալը: Ընդ որում, ժամկետի հաշվարկման այս կանոնի կապակցությամբ օրենքը որևէ տարբերակում չի դնում այն դեպքերի միջև, երբ բողոքաբերն անազատության մեջ է պահվում տվյալ քրեական վարույթի շրջանակում, թե դրանից դուրս: Այդպիսի տարբերակումը չի կարող իրավաչափ լինել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ժամկետի հաշվարկման հատուկ կարգը նպատակ է հետապնդում հարթել այն անհավասարությունը, որը փաստացի առկա է գործողությունների լիակատար ազատություն ունեցող և այդ ազատությունը չունեցող (կալանքի տակ կամ բժշկական հաստատությունում լինելու պատճառով) անձանց միջև` անկախ այդ անձանց դատավարական կարգավիճակից: 14. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատերերին»: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Դատախազին, դատավորին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասեցատիրոջը: (…)»: Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ դրանք առնչվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ազատությունից զրկված անձանց բողոքների և այլ փաստաթղթերի ժամկետների հաշվարկման կարգին, քանի որ սահմանում են դրանց ուղարկման ժամկետը: Նշված օրենսդրական դրույթների տրամաբանությունից բխում է, որ ազատությունից զրկված անձանց բողոքները և այլ փաստաթղթերը համապատասխան հիմնարկներից հասցեատիրոջն ուղարկվում են ամենաուշն այդ բողոքների և այլ փաստաթղթերի ներկայացման օրվան հաջորդող օրը՝ այդ մասին համապատասխան նշագրում կատարելով ուղարկվող բողոքի, այլ փաստաթղթի կամ ծրարի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ նշագրման բացակայության դեպքում դատարանը պարտավոր է ճշտել բողոքի կամ այլ փաստաթղթի ուղարկման ժամկետը: 15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ բողոք բերվում են` (…) 3) (….), իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում: 2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»: Վերոգրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ գործն ըստ էության չլուծող ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դրանք հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում, և որ սահմանված ժամկետի չպահպանման դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասով և 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնը: 16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Է.Եղինյանը պատիժ է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2011 թվականի հունվարի 26-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը, որը թվագրված է 2011 թվականի հունվարի 31-ով, Վերաքննիչ դատարանում մուտք է եղել 2011 թվականի փետրվարի 11-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում մուտք լինելու օրը` 2011 թվականի փետրվարի 11-ը, դիտելով որպես բողոքը ներկայացնելու օր, գտել է, որ այն ժամկետանց է և թողել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 17. Սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է դիմող Է.Եղինյանի՝ այլ գործով դատապարտյալ լինելու և ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու հանգամանքը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի ստուգել վերաքննիչ բողոքը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնելու ժամկետը, ավելին, վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում մուտք լինելու օրը դիտել է որպես բողոք ներկայացնելու օր և սխալ հետևության հանգել դիմողի կողմից վերաքննիչ բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ: 18. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողի բողոքը ժամկետանց է: 19. Ելնելով սույն որոշման 12-18-րդ կետերում շարադրված վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է դիմողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ