Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵՔՐԴ/0270/01/08

Գործի համարը
ԵՔՐԴ/0270/01/08
Դիմող / մեղադրյալ
Ռոբերտ Կարապետյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
16.09.2009

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության ԵՔՐԴ/0270/01/08 վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մասնակցությամբ տուժողի ներկայացուցիչ Ս .ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 16 սեպտեմբերի 2009 թվական ք. Երևան դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գագիկ Համլետի Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ տուժող Ռոբերտ Կարապետյանի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2. 2008 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Գագիկ Համլետի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: 2008 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Արսեն Նվերի Գրիգորյանին և Լևոն Ավագի Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: 3. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռով Գ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 /մեկ/ տարի ժամկետով: Նույն դատավճռով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, և նա զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 /մեկ/ տարի ժամկետով: Լ.Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Լ.Հովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, և նա զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 /մեկ/ տարի ժամկետով: 4. Գ.Հովհաննիսյանի պաշտպաններ Հ.Արսենյանի և Գ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճիռը Գ.Հովհաննիսյանի մասով թողել է օրինական ուժի մեջ, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժել է: Ա.Գրիգորյանի և Լ.Հովակիմյանի մասով դատավճիռը չի բողոքարկվել: ՀՀ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ Գ.Հովհաննիսյանի պաշտպանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: 5. Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռոբերտ Կարապետյանի միջնորդությունը, և վերականգնվել է թիվ ԵՔՐԴ 0270/01/08 քրեական գործով 2009 թվականի հունվարի 12-ին կայացված դատավճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը, և այն երկարացվել է մեկ ամսով: 6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ տուժող Ռ.Կարապետյանի բերած վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: 7. Տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի ներկայացուցիչ Սուսաննա Մարգարյանը: 2009 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 8. ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք հանդիսացող` պետի տեղակալ Գ.Հովհաննիսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Ա.Գրիգորյանը և անվտանգության ապահովման բաժնի կրտես մասնագետ Լ.Հովակիմյանը դատապարտվել են այն բանի համար, որ 2007 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 12-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Ռ.Կարապետյանին տարել են Ա.Գրիգորյանի աշխատասենյակ, որտեղ կշտամբել են նրան, թե 2007 թվականի օգոստոսի երկարատև տեսակցության ժամկետը երկարացնելու հարցով ինչու է դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, այլ ոչ թե իրենց, որից հետո դիտավորությամբ կատարել են գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց` «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, այն է՝ բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ` ռետինե մահակներով ծեծի են ենթարկել Ռ.Կարապետյանին` նրան հասցնելով ձախ աչքի և ոտքերի վնասվածքներ, դրանով իսկ էական վնաս պատճառել դատապարտյալի` օրենքով պաշտպանվող իրավունքներին: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 9. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ խախտվել են տուժողի նյութական և դատավարական իրավունքները, կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոք բերած անձը, վկայակոչելով այն հանգամանքը, որ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռ.Կարապետյանի միջնորդությունը և արդեն իսկ վերականգնված է եղել 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի բողոքարկման ժամկետը, հետևաբար ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելու հիմքեր չեն եղել, նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի պահանջները, այն սխալ է մեկնաբանել և որևէ իրավական նորմով չի հիմնավորել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը: Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Գ.Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պաասխանի այն հարցին, թե դատական ակտ կայացրած դատարանի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնված լինելու պարագայում վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնել վերաքննիչ բողոքը: 11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (…)»: Վերոշարադրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննարկվում է բողոքարկման ենթակա դատական ակտը կայացրած դատարանի կողմից, որն իրավասու է հարգելի համարել ժամկետի բացթողումը և վերականգնել դատական ակտի բողոքարկման ժամկետը: 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ հոդվածով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմք նախատեսված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի ցանկը սպառիչ է: 13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ բավարարվել է տուժող Ռ.Կարապետյանի միջնորդությունը և վերականգնվել է 2009 թվականի հունվարի 12-ին կայացված դատավճռի բողոքարկման համար բաց թողնված ժամկետը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 2009 թվականի մարտի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել տուժողի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Նշված որոշման մեջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այն մոտեցումն է արտահայտել, որ բողոք բերած անձը կարող էր դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել վերականգնելու բաց թողնված ժամկետը միայն բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման կայացումից հետո: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետն առաջին ատյանի դատարանի կողմից կարող է վերականգնվել մինչև վերաքննիչ բողոք ներկայացնելը: Հետևաբար բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքը չի կարող համարվել ժամկետանց: Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որն առանց քննության թողնելու ենթակա չէր: Բողոքը բերվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` դատական ակտ կայացրած դատարանի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետո, ուստի վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը կիրառելու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն անհիմն է: 14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ դրանց արդյունքում սահմանափակվել է տուժողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: 15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գագիկ Համլետի Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի քրեական դատարանի 2009 թվականի հունվարի 12-ի դատավճռի դեմ տուժող Ռոբերտ Կարապետյանի բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ Ս.ՕՀԱՆՅԱՆ