Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԼԴ/0113/06/11

Գործի համարը
ԼԴ/0113/06/11
Դիմող / մեղադրյալ
Գուրգեն Գրիգորյան Նիկոլայի
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
08.06.2012
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
6 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Քրեական օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԼԴ/0113/06/11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԼԴ/0113/06/11 Նախագահող դատավոր՝ Ս.Չիչոյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 2012 թվականի հունիսի 8-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19113111 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2011 թվականի օգոստոսի 11-ին մեղադրյալ Գ.Գրիգորյանը հայտնաբերվել է: 3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2011 թվականի օգոստոսի 13-ին կրկին քննության առնելով մեղադրյալ Գ.Գրիգորյանի կալանավորման հարցը, բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը և անփոփոխ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ մեղադրյալի պաշտպան Հ.Հովսեփյանի միջնորդությունը: 4. Մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 13-ի որոշումը: 5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետով: 6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացվել է երկու ամիս ժամկետով: 7. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: 8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանը: Վճռաբեկ դատարանը 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 9. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի Ձև 47 կտրոնի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 12-ին: 10. Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Դատական վարույթի նյութերի, վերաքննիչ բողոքի և բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը կայացրել է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, վերաքննիչ բողոքը` ծրարի վրա արված դրոշմակնիքի համաձայն` փոստին հանձնվել է 2011 թվականի դեկտեմբերի 13-ին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մուտք է եղել` 2011 թվականի դեկտեմբերի 15-ին: (…) (…) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` հրապարակված լինելով 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, կարող էր բողոքարկվել 2011 թվականի դեկտեմեբրի 07-ի գիշերվա զրո ժամից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 11-ի գիշերվա ժամը քսանչորսը: Քանի որ 2011 թվականի դեկտեմբերի 11-ը կիրակի էր` ոչ աշխատանքային օր, ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 2011 թվականի դեկտեմբերի 12-ը: (…) Վերաքննիչ բողոքին կցված ծրարի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 13-ին, այսինքն պաշտպան Հովսեփ Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոքը բերվել է քրեադատավարական օրենքով նախատեսված վերաքննիչ բողոքարկման ժամկետների խախտմամբ: (…) Նման պայմաններում գտնում եմ, որ պաշտպան Հովսեփ Հովսեփյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ» (տե՛ս նյութեր, էջեր 136-137): 3.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում: Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 2011 թվականի դեկտեմբերի 12-ին` և այն «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2008 ստորաբաժանմանն է հանձնվել նույն օրը, այլ ոչ թե 2011 թվականի դեկտեմբերի 13-ին: Վերոշարադրյալից բողոքաբերը հանգել է այն եզրահանգման, որ խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակվել են անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: 12. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորվա՞ծ է արդյոք մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: 14. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանաչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկման (…) օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում»: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է]`առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հինգօրյա ժամկետում, (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով: 2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը: 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…) 4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, (…): (…)»: Վերը նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովվում է նաև քրեադատավարական ժամկետների միջոցով, ինչը դատավարության մասնակիցներին հնարավորություն է ընձեռում որոշակի ժամանակահատվածում կատարել քրեադատավարական գործողություններ կամ ձեռնպահ մնալ այդ գործողությունների կատարումից: 15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցային դատավարությունում, որտեղ գործում է կողմերի «արագ դատարանի» իրավունքը, դատավարական ժամկետները երաշխավորում և կարգավորում են վարույթի մասնակիցների իրավունքների իրացումը: Դրանով պայմանավորված՝ դատավարական ժամկետների պահպանումն ապահովում է ոչ միայն քրեական դատավարության խնդիրների իրականացումը, այլև ինքնին դատավարության ընթացակարգի արդարությունը: 16. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը կրկին երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, որի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա, կազմել է հրապարակվելու պահից հինգ օրը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 14-րդ կետերը): Վճռաբեկ բողոքին կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Հ.Հովսեփյանի կողմից վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի դեկտեմբերի 12-ին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշմամբ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): 17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում առկա իրավական նորմերի և վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատայանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ: Հետևաբար, հիմնավորված չէ մեղադրյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: 18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, 406-րդ հոդվածի և 419-րդ հոդվածների հիման վրա, հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Գուրգեն Նիկոլայի Գրիգորյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ